26 ապրիլի 2016 - 23:40 AMT
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդն ինտենսիվ հրետակոծում է առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում և այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ամբողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր:

Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:

Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ` օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 (3 արկ), 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետ (57 արկ) և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (11 կրակոց):

Շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է նաև SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ (1 հատ):