27 ապրիլի 2016 - 10:58 AMT
Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահը ներողություն է խնդրել հայերից Ցեղասպանության համար

Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերից քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը ներողություն է խնդրել հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար: Նա դա արել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ:

«Խոսքերս սկսում եմ 101 տարի առաջ կոտորված, արտաքսված հայերին, ասորներին և քաղդեացիներին հիշատակելով: Ցավոք, առերեսումից խուսափելը նոր ցեղասպանությունների առաջ ճանապարհ է բացում: Մինչդեռ եթե որևէ պետություն առերեսվում է անցյալի հետ, դա չի նշանակում, թե նվաստանում է: Ընդհակառակը, ցավը մեղմացնում է»,- ասել է Յուքսեքդաղը, թուրքական Yeniasya-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Եզրափակելով իր ելույթը Յուքսեքդաղն ասել է. «Հայ ազգից ներողություւն ենք խնդրում։ Ներողություն ենք խնդրում հորեղբայր Գրիգորից, մեր ընկեր Գարոյից և մեր քրոջից` Ռոզայից»:

Ապրիլի 22-ինԹուրքիայի խորհրդարանի ԺԴԿ-ի հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան էր տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավոր, որոնք սպանվել են Ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները:

Ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շիշլի շրջանի կառույցը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառում:

Նստացույցն ընթացել է «Առանց առերեսման ցեղասպանությունները չեն վերջանա» խորագրի ներքո: Մասնակցիները ձեռքներին պահել են 1915-ին սպանված հայ մտավորականների լուսանկարները: Տեղի է ունեցել մոմավառություն և կարմիր մեխակներով ոգեկոչվել է ցեղասպանության զոհերի հիշատակը: «Հայերին «տեղահանություն» անվան տակ տարել են սպանդի: Ցեղասպանությունը չի վերջացել: Հրանտ Դինքի, Սևակ Շահինի, Մարիցա Քյուչուքի սպանությունները ցեղասպանության շարունակությունն են»,- ասել է HDP-ի ներկայացուցիչ Մահմութ Չավլոն:

Ստամբուլում ակցիայով կոչ է արվել առերեսվել պատմությանը