27 ապրիլի 2016 - 13:46 AMT
«Կոմերսանտ». ՀՀ դեմարշը բարդ վիճակի մեջ է դնում Ռուսաստանին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների վերսկսումը Մոսկվայի միջնորդությամբ հետաձգվում է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր երկխոսության համար պայմանների բացակայության մասին, որն արդեն ազդարարել էին պաշտոնական Բաքուն և Մոսկվան, գրում է «Կոմերսանտը»: ՀՀ նախագահը նաև տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում և նոր չի համարում այն առաջարկությունները, որոնք նախորդ շաբաթ Երևան էր բերել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Հայաստանի դեմարշը, որը գերադասում է առկա ստատուս քվոն, բարդ վիճակի մեջ է դնում նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանին` մշուշոտ դարձնելով Մոսկվայի նախաձեռնած բանակցությունների հեռանկարները:

Պարբերականը նշում է, որ ՀՀ նախագահի հարցազրույցը Bloomberg-ին սառեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արագացված բանակցությունների կողմնակիցների խանդավառությունը: Նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, որ «նախաձեռնությունը Պուտինինն է»: «Նա դիմել է երկու երկրների նախագահներին և այժմ նախապատրաստվում է բանակցային գործընթացը: Հնարավոր է, առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլը»: «Կոմերսանտի» բարձրաստիճան աղբյուրը Կրեմլում հաստատել է. «Մենք գործի ենք դրել բոլոր անհրաժեշտ դիվանագիտական մեխանիզմները` ամենամոտ ապագայում կողմերին բանակցությունների սեղանի մոտ նստեցնելու համար»:

«Կոմերսանտը» նշում է, որ ՀՀ նախագահը հստակ հասկացրեց, որ հասարակությունն իր երկրում հիասթափված է Մոսկվայի գործողություններից, որը փորձում է հավասարակշռություն պահպանել Երևանի և Բաքվի միջև: Ավելին` նա ակնարկել է, որ այդ հիասթափությունը կարող է էլ ավելի խորանալ:

Ապրիլի 26-ին Bloomberg-ին տված աղմկահարույց հարցազրույցից մեկ օր անց Սերժ Սարգսյանը պաշտոնանկություններ արեց ԶՈւ բարձրաստիճան ղեկավարության կազմում, ինչն անմիջական կապ ուներ ապրիլյան մարտերի օրերին նրանց աշխատանքում ի հայտ եկած ձախողումների հետ:

Չնայած Երևանի առարկություններին ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հարցը դեռ մնում է օրակարգում: Բաքու ժամանած ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն հաստատել է, որ ՄԽ-ն մտադիր չէ հրաժարվել բանակցություններ կազմակերպելու փորձերից:

Մինչդեռ, նշում է պարբերականը, Երևանի դեմարշը բարդ վիճակի մեջ է դնում Ռուսաստանին:

«Սխալ կլինի կարծել, թե այսօր, ինչպես ԽՍՀՄ տարիներին, Մոսկվան լիովին վերահսկում է նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարներին: Այդ ղեկավարներն իրենց պատկերացումներն ունեն «կարմիր գծերի» մասին, որոնք չեն կարող հատել»,-պարզաբանել է Սերժ Սարգսյանի դրդապատճառները Ռուսաստանյան խորհրդի միջազգային հարաբերությունների գծով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը` մեկնաբանելով ՀՀ նախագահի դրդապատճառները: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները պայմանավորված են Հայաստանում ստեղծված իրավիճակով, որտեղ ապրիլյան իրադարձություններից ու կորուստներից հետո հանրությունն ավելի արմատական է տրամադրված, քան նախկինում, և պատրաստ չէ զիջումների: «Այսպիսի իրավիճակում քաղաքական գործիչն «ինքնասպանության» չի գնա` համաձայնվելով բանակցությունների: Բանակցային գործընթացի վերսկսման համար հզոր դրդապատճառներ են պետք, որոնք դեռ չկան»,-ասել է նա, գրում է «Կոմերսանտը»:

Ընթերցեք նաև. Սերժ Սարգսյան. Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չկա