28 ապրիլի 2016 - 10:37 AMT
Պետդեպ. ԱՄՆ-ն խստագույնս դատապարտում է շփման գծում ցանկացած բռնություն

ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում է, որ հնարավորինս շուտ վերսկսվի բանակցային գործընթացը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոներն՝ անդրադառնալով հակամարտության գոտում պահպանվող լարված իրավիճակին, հայտնում է Tert.am-ը:

«Մենք տեսանք, թե ինչպես փխրուն հրադադարի ռեժիմ հաստատվեց։ Մենք ի սկզբանե ոգևորված էինք՝ կարծելով, թե դա պահպանվում է, սակայն ակնհայտորեն լարված իրավիճակը պահպանվում է։ Պետքարտուղարը խոսել է երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ։ Մինսկի խմբի մեր համանախագահը (Ջեյմս Ուորլիքը-Խմբ.) այցելել է տարածաշրջան: Մենք կապի մեջ ենք երկու կառավարությունների հետ, հակամարտության բոլոր կողմերի հետ, և մեր ուղերձն անփոփոխ է՝ մենք խստագույնս դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում ենք հնարավորինս շուտ տեսնել բանակցային գործընթացի վերականգնումը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարել է Թոները։

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բաքվի անպատասխանատու քայլերը մեծ վնաս են հասցրել բանակցային գործընթացին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը` նկատի առնելով, որ այն հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է: