28 ապրիլի 2016 - 17:19 AMT
Կոթեցիները հակառակորդի հրետակոծության հետևանքով կրած վնասի համար փոխհատուցում կստանան

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի 2015 թվականի ամռանը հակառակորդի իրականացրած մարտական գործողությունների հետևանքով Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակչությանը պատճառված վնասը` Տավուշի մարզպետարանին հատկացնելով 8 մլն 935 հազար դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում, հայտնում է Panorama.am-ը:

2015թ. ամռանը Կոթի համայնքում հակառակորդի հրետակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների (27.5 հա) կրած նյութական վնասը կազմել է 11 մլն. 935,5 հազ. դրամ: Նշված գումարից 3 մլն. դրամը 2015թ. տարեվերջին օգնության կարգով փոխհատուցվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, որը համամասնորեն բաժանվել է բոլոր սեփականատերերին:

«ՀՀ Տավուշի մարզպետին ուղղված Կոթի համայնքի համայնքապետի 2015 թ. հուլիսի թիվ 50 գրությամբ ներկայացվել էր հրետակոծության հետևանքով տուժած 20 սեփականատերերի տվյալներ, քանի որ 2 սեփականատեր նախատեսում էին հավաքել բերքը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ 2 սեփականատերերը ևս չեն կարողացել հավաքել հացահատիկի բերքն, այդ իսկ պատճառով նյութական վնասի չափը փոխվել է՝ 10,879.5 հազար դրամից դառնալով 11 մլն. 935,5 հազար դրամ: Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Տավուշի մարզպետարանին հատկացնել մնացած 8,935.5 հազար դրամ գումար՝ սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչներին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով»,- նշված է հիմնավորման մեջ:

Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերն, այդ թվում Կոթի համայնքը, պարբերաբար գնդակոծում են հակառակորդի կողմից: Ապրիլի 4-ի կեսգիշերին մոտ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ: