28 ապրիլի 2016 - 17:38 AMT
Գործադիրի առաջարկը՝ 1 տարով հետաձգել պարտադիր կուտակայինի վճարման ժամկետը

ՀՀ Կառավարության ապրիլի 28-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է հետաձգել կենսաթոշակային վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարով՝ տեղափոխելով այն 2018-ի հուլիսի 1-ը:

Նրա խոսքով, առաջարկն արվում է՝ խորհրդակցելով Հանրապետության նախագահի հետ և կարևորելով կենսաթոշակային բարեփոխումների սահուն և անխափան ընթացքը:

Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ պատրաստել համապատասխան օրինագիծ և ներկայացնել կառավարության հաջորդ նիստին:

2014-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։