28 ապրիլի 2016 - 23:21 AMT
Նախագահը ԼՂ շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ 3 պայման է նշել

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ:

Այս մասին է հայտարարել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո, գրում է Tert.am-ը:

«Քայլ համար մեկ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկու՝ հասցեական հայտարարություններ և երեք՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, որովհետև, երբ գնում են մարտական գործողություններ կամ գոնե դրանք ամբողջովին չեն ավարտվել, երբ Ադրբեջանը խախտում է 1994թ-ի հրադադարի պայմանագիրը, որը ստորագրել է Արցախի ու Հայաստանի հետ, նաև խախտում է Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին»,-ասել է նա:

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահին ու ընդգծել, որ Հայաստանի համար առանց անվտանգության երաշխիքների խաղաղ բանակցությունների վերադառնալն անիմաստ է, քանի որ իրավիճակն էապես փոխվել է: «Մի կողմից, մենք ինչ-որ տեղ բանակցություններ ենք վարում, մյուս կողմից՝ ռազմական գործիչները պատերազմի մեջ են ներքաշվելու՝ փորձելով լուծել հակամարտությունը», - նշել է Սարգսյանը: