29 ապրիլի 2016 - 10:12 AMT
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կիրառել է հրաձգային զինատեսակներ, ականանետեր և նռնականետեր

Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև 60 (19 արկ), 82 (128 արկ), 120 (5 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (2 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 (27 արկ) տիպի նռնականետեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ ՊՆ-ն ապրիլի 28-ին ադրբեջանական բնակավայրերի ու դրանց մոտ տեղակայված ռազմական օբյեկտների կադրեր է հրապարակել:

ՊԲ հրապարակած լուսանկարներում և տեսանյութում, մասնավորապես, Ադրբեջանի բանակի հրետանային դիրքեր են Զանգիշալը, Քյուրդլար և Չեմենլի գյուղերում, քաղաքացիական օբյեկտներից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:

Հաղորդագրությունում նշվում է, որ ԼՂՀ զինված ուժերի համար դրանցում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ: