29 ապրիլի 2016 - 11:18 AMT
Փայլանը՝ Ֆրանսիայում. Եթե փոքրամասնությունները բողոքում են, պիտակավորվում են որպես «դավաճաններ» Թուրքիայում

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) հայ պատգամավոր Գարո Փայլանը Ֆրանսիայում մասնակցել է «Թուրքիայի այսօրվա իրավիճակն ու փոքրամասնությունների իրավունքները» խորագրով համաժողովին:

Պատգամավորը նշել է, որ Թուրքիայի փոքրամասնությունները դրական վերաբերմունքի են արժանանում, եթե իրենց պահում են «խելոք երեխաների» պես: Բայց եթե որևէ բողոք են արտահայտում, ապա պիտակավորվում են որպես «դավաճաններ», թուրքական Demokrathaber.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Թուրքիայում հայ լինելը դեռևս չի ընկալվում որպես նորմալ երևույթ: Երբեմն շատ մեծարվող, երբեմն էլ հողին հավասարեցվող, հայհոյանքի վերածվող մի հասկացություն է հայ լինելը, ինչին վերջին օրերին կրկին ականատես ենք լինում: Ես ուզում եմ, որ հայի ինքնությունը վերածվի այլ ինքնությունների պես նորմալ, պատվավոր երևույթի», - ասել է Փայլանը:

Որպես փոքրամասնությունների նկատմամբ խտրականության մի օրինակ Փայլանը նշել է այն հանգամանքը, որ Թուրքիայում գործում է կրոնական գործերի նախարարություն, որի բավական խոշոր բյուջեն ձևավորվում է բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների վճարած հարկերից, սակայն այն զբաղվում է միայն սյուննի-մուսուլմանների կրոնական խնդիրներով:

Փայլանը նշել է, որ լինելով հայ պատգամավոր, նա իր նպատակները չի սահմանափակում միայն հայ համայնքին վերաբերող խնդիրների շրջանակով: Նա և իր ներկայացրած ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) ջանում են զբաղվել ընդհանրապես Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների խնդիրներով:

Այլ հարց է, թե այդ փոքրամասնություններից ամեն մեկը որքանով է քաղաքականացված և պատրաստ՝ պաշտպանելու իր շահերը:

«Հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո էր, որ հայ համայնքը քաղաքականացվեց: Մենք նրա սերունդներն ենք: Օրինակ, ես գործարար էի: Բայց Հրատ Դինքի սպանության օրը ես դադարեցի բիզնեսմեն լինելուց: Արդարության հասնելը, հայ համայնքի համար պայքարի գաղափարը ինձ քաղաքականացրեց»,- ասել է պատգամավորը:

Ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շիշլի շրջանի կառույցը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառում: Նստացույցն ընթացել է «Առանց առերեսման ցեղասպանությունները չեն վերջանա» խորագրի ներքո: Մասնակցիները ձեռքներին պահել են 1915-ին սպանված հայ մտավորականների լուսանկարները: Տեղի է ունեցել մոմավառություն և կարմիր մեխակներով ոգեկոչվել է ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հաջորդ օրը Թուրքիայի փոխվարչապետը դավաճան է անվանել երկրի ներսում Հայոց ցեղասպանության մասին խոսողներին: Քուրթուլմուշն ասել է.

«Յուրաքանչյուր ժողովրդի մեջ էլ դավաճաններ կան, սակայն մեզ մոտ, դժբախտաբար, դավաճաների քանակը շատ է: Այդ պատճառով էլ նախ դիմում եմ երկրի ներսում գտնվողներին` 1915 թվականի դեպքերի մասին խոսելուց առաջ նախ տեղեկացված եղեք: Պետք է կարգի հրավիրել դավաճաններին, որոնք կարծում են, թե կարող են Թուրքիային վիրավորել ու նեղը գցել աջից-ձախից լսած տեղեկություններով: Նման բան չի կարող լինել»:

Ապրիլի 22-ին Թուրքիայի խորհրդարանի ԺԴԿ-ի հայ պատգամավորԿարո Փայլանը խորհրդարան էր տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավոր, որոնք սպանվել են Ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները:

Կարդացեք նաև՝ Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահը ներողություն է խնդրել հայերից Ցեղասպանության համար