29 ապրիլի 2016 - 16:04 AMT
Բակո Սահակյան. Ստեփանակերտը հրթիռակոծելու դեպքում կրակի կպատրաստեինք հեռահար հրթիռները

Ստեփանակերըւ ռմբակոծելու վերաբերյալ Ադրբեջանի սպառնալիքներից հետո Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անհապաղ պատրաստվել են դեպքերի նման զարգացմանը: Այս մասին Արցախի Հանրային Հեռուստատեսությանը և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Հարցին, թե իսկապես Բաքուն կարո՞ղ էր իրականացնել Ստեփանակերտը ռմբակոծելու սպառնալիքը, Սահակյանն ասել է.

«Այլևս կասկածի տակ առնել նրանց նպատակները, կնշանակի, որ մենք շարունակում ենք մնալ մոլորված վիճակում: Դպրոցում սպանված մեր 12-ամյա երեխան, վիրավորված երեխաները, մեր գլխատված տղաների մարմինները, իրենց տանը գնդակահարված մեր 90-ամյա ծնողները, մյուս վայրագությունները փաստում են, որ նրանք գալիս էին գլխատելու մեզ բոլորիս: Հետևաբար, գտնում եմ, որ մենք պարտավոր ենք նրանց գործողություններին համարժեք որակումներ տալ և բոլոր հետագա միջոցառումներն իրականացնել՝ այդ դաժան ճշմարտությունից ելնելով»,- ասել է նախագահը, գրում է Panorama.am-ը:

«Իսկ եթե նրանք հրթիռակոծեին Ստեփանակերտը, իմ հրամանը կլիներ մեր բանակի հրամանատարին՝ կրակային դիրքեր դուրս բերել մեր զենիթահրթիռային համակարգերը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, հրթիռային համակարգերը, այդ թվում հեռահար նշանակության հրթիռային համակարգերը: Նման զարգացման դեպքում մեր պատասխանը կլիներ համարժեք»,-ասել է ԼՂՀ նախագահը:

Ապրիլի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել էր Բաքվի կողմից հնչեցվող՝ Ստեփանակերտը հրթիռահրետակոծելու սպառնալիքներին:

«Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը զգուշացրել է Ա.Կասպրշիկին: Իսկ Հասանովին ասում ենք` թող փորձի...», - գրել էրՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում:

Կարդացեք նաև՝ ԼՂՀ նախագահ. Պետք է դադարեցնել անհիմն քննարկումները` հողերի հանձնում չի լինելու