29 ապրիլի 2016 - 16:19 AMT
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են իսպանական Կարկախենտը, Ալակուասնը և Էլդանը

Ապրիլի 27-28-ին Իսպանիայի Կարկախենտ, Ալակուասն և Էլդան քաղաքները պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Կարկախենտի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր 5 քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել համապատասխան ինստիտուցիոնալ հայտարարության ընդունմանը: Ալակուասի քաղաքային խորհրդում հայտարարության քվեարկության ընթացքում ձեռնպահ են մնացել միայն Ժողովրդական կուսակցության (PP) և Ciudadanos-ի պատգամավորները, իսկ Էլդայում միակ դեմ քվեարկած կուսակցությունը Ciudadanos-ն էր:

Նիստերին ներկա էին վերոնշյալ և իսպանական այլ քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր իրենց երախտագիտությանը հայտնեցին քաղաքային խորհուրդներին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

2015-ի դեկտեմբերի 2-ին Իսպանիայի ինքնավար համայնք Արագոնի խորհրդարանը ընդունել է հռչակագիր, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Այն Իսպանիայի հինգերորդ համայնքն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Բասկերի երկրից, Կատալոնիայից, Բալեարյան կզղիներից և Նավարեից հետո:Բացի այդ, Ցեղասպանությունը ճանաչել են Իսպանիայի տասնյակից ավելի քաղաքներ, այդ թվում` Ալսիրիա, Ալդայա, Սիյա, Բետերա, Պինտո, Բուրխասոտի, Չիրիվելյա քաղաքները: