30 ապրիլի 2016 - 10:19 AMT
Արցախում հակառակորդի կրակից երկու զինվոր է զոհվել

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր:

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու, իսկ դրանց հետևանքներն ընկնելու են ադրբեջանական կողմի վրա:

Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև 60 (19 արկ), 82 (128 արկ), 120 (5 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (2 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 (27 արկ) տիպի նռնականետեր: