30 ապրիլի 2016 - 16:43 AMT
Օհանյանը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է գործակցության հեռանկարները

Ապրիլի 29-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների պետերը, քննարկվել են Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների և պաշտպանական գերատեսչության գործակցության հեռանկարները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ղեկավարները և ԻՏՁՄ ներկայացուցիչները գործակցության շուրջ գործնական առաջարկներ են արել:

Խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները համատեղ ուսումնասիրելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել հետագա աշխատանքները շարունակել աշխատանքային խմբերով` ձևավորելով պաշտպանության նախարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր:

Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանն ապրիլի 13-ին հայտնել է, որ ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտը դեռևս մինչև ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիան հանդիպել է ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, որոնցից մեկի հետ գործակցությունը հասել է պայմանագրի ստորագրման փուլ: