2 մայիսի 2016 - 17:41 AMT
JP. Իսրայելի և Թուրքիայի մերձեցումը դավաճանություն է հայերի և քրդերի հանդեպ

Թուրքիայում մոտ 2000 քրեական գործ է հարուցված «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ էրդողանին վիրավորելու» մեղադրանքով, գրում է Jerusalem Post-ում հրապարակված հոդվածում քաղաքական խորհրդատու և գրող Անիկա Գերիրոտ Ռոտշտեյնը:

«Այն բանից հետո, երբ հոլանդացի լրագրողուհուն ձերբակալեցին սեփական տանը էրդողանի հասցեին քննադատության պատճառով, և, երբ Թուրքիայի իշխանությունները պահանջեցին Գերմանիայից ձերբակալել և արտահանձնել թուրք երգիծաբանին, կասկած չի մնում, որ թուրքական կառավարությունը հանցավոր գործողություններ է կատարում արտերկրի ԶԼՄ-ների դեմ, որոնք համարձակություն են ունենում ընդդիմանալ նրա ռեժիմին»,-գրել է Ռոտշտեյնը:

«Դա տեղի է ունենում Թուրքիայում քրդերի շարունակական հալածանքներին զուհագեռ, որոնք, ճիշտ այնպես, ինչպես Հայոց ցեղասպանության ժամանակ էր, կտրականապես հերքվում են էրդողանի և նրա թիմակիցների կողմից»,-ասվում է հոդվածում:

Հղում անելով էրդողանի վերջին հայտարարությունների վրա այն մասին, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, և որ «նա, ով հակառակը կպնդի, Թուրքիայի թշնամին է»` հեղինակը վերլուծում է այդ մահմեդական երկրի հետ հարաբերությունները կարգավորելու Իսրայելի ձգտումների նպատակահարմարությունը:

«Իրադարձությունների նման զարգացումը մտահոգիչ է մի շարք պատճառներով և Իսրայելը պետք է լավ մտածի էրդողանի պես որևէ մեկի հետ մերձենալուց առաջ»,-գրում է Ռոտշտեյնը:

Հիշելով միլիոնավոր հայերին, հույներին, քրդերին և ազգային այլ փոքրամասնություններին, որոնք սպանվել են 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, հեղինակն ասում է, որ Իսրայելը մեծ բարեկամներ ունի քրդերի շրջանում և մերձեցումն Էրդողանի ու ԱԶԿ հետ դավաճանություն է նրանց հանդեպ: Էլ ավելի մեծ դավաճանություն է այն փաստը, որ «Իսրայելը միակն է տարածաշրջանում, որը չի բարձրացնում իր ձայնը` դատապարտելու համար Անկարայի հակաժողովրդավարական ռեժիմը, որը դուրս է բոլոր սահմաններից»:

Անկախ կարճաժամկետ շահերից, որոնք հետապնդվում են լռության մատնելով ճշմարտությունն, անկասկած, երկարաժամկետ հեռանկարում, պետք է խուսափել այնպիսի հարաբերությունների ջերմացումից, որոնք լավ է մնան խորը սառեցված վիճակում»,-ասել է հեղինակը:

Ապրիլի սկզբին Իսրայելի իշխանությունները հաստատեցին առաջընթացը Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում:

Երկրները նախկինում համարվել են ռազմավարական գործընկերներ, սակայն հեռացան, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից շեղվեց դեպի արաբամահմեդական աշխարհ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն էր, երբ 2010-ին իսրայելցիները կասեցրին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի առաջխաղացումը` սպանվեց 9 թուրք:

2015-ի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ երկրները հարաբերությունների կարգավորման նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպանների վերադարձը և իսրայելյան բնական գազի առաքումը նախատեսող կետեր` բավարարելու համար ներքին պահանջարկն ու տարանցումը եվրոպական շուկա:

Ընթերցեք նաև. ԶԼՄ-ներ. Իսրայելը հաստատել է առաջընթացը Թուրքիայի հետ բանակցություններում