2 մայիսի 2016 - 18:25 AMT
Արցախի դեմ ագրեսիան՝ ԼՂՀ նախագահի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանդիպման առանցքում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել է վերջերս Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների և բանակաշինության ոլորտում երկու հայկական պետության գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: