3 մայիսի 2016 - 10:22 AMT
Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի հետքերով քրգործ է հարուցվել

Դատական ակտերի հարկադիր ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում օֆշորային գործարքների հետ կապված նյութերով քրեական գործ է հարուցվել։

Այդ մասին է հայտնում Panorama.am-ը՝ հղում անելով հատուկ քննչական ծառայությանը: Առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Քրգործը հարուցվել է ՀՀ Քրեական օերնսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ»:

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 18-ին: Հրաժարականը հետևեց Պանամայից օֆշորային ընկերությունների սեփականատերերի վերաբերյալ մասշտաբային արտահոսքին ու օֆշորային գոտում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ընկերություններ հայտնաբերելուն: Ինքը Պողոսյանը հայտարարել է, թե ցավում է, որ իր անունն արծարծվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին, անընդունելի եմ համարում, որ իր անձը պատճառ դառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ հրաժարական է ներկայացրել:

Ապրիլի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Արմեն Հարությունյանին: Հարությունյանն զբաղեցնում էր նախագահի ռեֆերենտի պաշտոնը:

310 հոդվածով որպես պատիժ սահմանվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով