3 մայիսի 2016 - 10:36 AMT
Սփյուռքահայ ռեժիսոր Բլղուրջյանի ֆիլմը՝ Կաննի «Կինոքննադատների շաբաթ» ծրագրում

Կաննի կինոպառատոնի «Կինոքննադատների շաբաթ» սեկցիայում ներկայացված է սփյուռքահայ ռեժիսոր Վաչե Բլղուրջյանի «Տրամոնտանե» Լիբանանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի համատեղ արտադրության ֆիլմը:

Սա Բլղուրջյանի առաջին մասնակցությունը չէ Կաննի փառատոնին: 2010թ. 63-րդ Կաննի փառատոնում նրա «Հինգերորդ զորասյունը» կինոնկարն ընդգրկվել է «Սինեֆոնդասիոնի» ծրագրում և շահել է երրորդ մրցանակը: Նույն թվականին ֆիլմը առաջին մրցանակ է շահել Լիբանանի կինոփառատոնում որպես լավագույն ֆիլմ, դարձյալ առաջին մրցանակ որպես լավագույն ուսանողական կարճամետրաժ ֆիլմ՝ Աբու Դաբիի կինոփառատոնում: Այն ներկայացվել է նաև Սան Սեբաստիանի, Tribeca, «Ոսկե ծիրան» կինոփառատոներում, իսկ 2011թ. Էմիր Կուստուրիցայի Kustendorf Film & Music կինոփառատոնում ստացել է կինոքննադատների մրցանակը:

«Տրամոնտանեն» երիտասարդ կույր տղամարդու՝ Ռաբիհի մասին է, որը ապրում է Լիբանանի գյուղաքաղաքներից մեկում, երգում է երգչախմբում և խմբագրում բրայլյան փաստաթղթերը: Նրա կյանքը բեկվում է, երբ նա փորձում է դիմել անձնագիր ստանալու համար և բացահայտում, որ նույնականացման քարտը, որը կրել է ամբողջ կյանքի ընթացքում, կեղծ է:

Շրջելով Լիբանանի գյուղական վայրերում և որոնելով իր ծննդյան իսկական վկայությունները՝ նա հանդիպում է մարգինալ մարդկանց, որոնք ներկայացնում են իրենց պատմությունները՝ էլ ավելի շատ հարցեր առաջացնելով և աննշան իրողություններ հուշելով Ռաբիհի իսկական ինքնության մասին, գրում է «Կինոաշխարհը»-ը:

Բլղուրջյանը ծնվել է Քուվեյթում, ապրել Լիբանանում, երկրում ծագած քաղաքացիական պատերազմի ժամանակ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: