ԱՄՆ-ն դեռևս հանդես չի գալիս Հալեպի շրջանում անվտանգության գոտու ստեղծման օգտին` հակամարտության կարգավորման հեռանկարները պետք է մշակվեն ՄԱԿ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրայի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Ես չէի շտապի: Կարգավորման դրույթների մի մասը մշակվում է պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և հատուկ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրայի քննարկումների ժամանակ»,-հայտարարել է Քիրբին ճեպազրույցում:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կողմ է, որպեսզի «ամբողջ Սիրիան դառնա անվտանգության գոտի»:
«Մենք աշխատում ենք այն դրույթների վրա, թե ինչպես ենք պատրաստվում վերականգնել հրադադարը, որտեղ որ այն խախտվում է»,-հավելել է Քիրբին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Չնայած հայտարարված հրադադարին` զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակում են գնդակոծել և հրթիռակոծել Հալեպը, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում հայերի շրջանում:
Մայիսի 2-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Սուլեյմանիե շրջանը: Վերջին տվյալներով 7 զոհ, 66 վիրավոր կա: Վիրավորների թվում երկու հայուհի կա՝ մայր և դուստր: Ապրիլի 30-ին մահացել է մի քանի օր առաջ Հալեպի հրթիռակոծման հետևանքով ծանր վիրավորված Ամի Ավագյանը:
Ապրիլի 28-ին Հալեպի Նոր գյուղի շրջանը հրթիռակոծվել է ահաբեկչական խմբավորումների կողմից. 6 զոհ, 43 վիրավ: Հալեպում ապրիլի 27-ին կրկին հրթիռակոծության թիրախ է դարձել քրիստոնեաբնակ Ազիզիյե թաղամասը. 4 զոհ և 25 վիրավոր: