ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2015-ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում հարուցվել է 216 քրեական գործ, որոնցից 75-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
Հաշվետու ժամանակահատվածում հարուցված 216 քրեական գործերից՝
- 42-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված),
- 41-ը՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության (ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդված),
- 26-ը՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդված),
- 26-ը՝ պաշտոնեական կեղծիքի (ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված),
- 21-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացման կամ վատնման (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի. 2-րդ մասի 1-ին կետ),
- 12-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման կամ վատնման, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից
(ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մաս),
- 9-ը՝ կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված),
- 7-ը՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդված) և այլն:
2015-ի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 91 քրեական գործ՝ 187 անձի վերաբերյալ, որոնցից 41-ը՝ 103 անձի վերաբերյալ, քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չի նվազում և չի բարձրանում 2012 թվականից ի վեր:Այդ մասին են վկայում Freedom House-ի Nations in Transit -2016 («Անցումային շրջանի պետություններ-2016») զեկույցի տվյալները:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի մարտի 17-ի նիստում ներկայացրել է արտաբյուջետային նախահաշիվ ստեղծելու նախագիծը, որը վերաբերում է ԱՄՆ կառավարության կողմից հակակոռուպցիոն խորհրդին հատկացված $750.000-ի օգտագործմանը:
Նրա խոսքերով՝ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է: Նախորդ երկու ռազմավարության հիման վրա մշակվել է 2015-2018-ի ռազմավարությունը: Ըստ նրա՝ ԱՄՆ կառավարության կողմից հակակոռուպցիոն խորհրդին հատկացված $750.000-ն ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը, տեղափոխումների և թարգմանչական ծախսերի կատարմանը:
ԱՄՆ դրամաշնորհից նախատեսվում է 2016-ին ծախսել $605.881-ը, իսկ 2017-ին` $143.229-ը: