3 մայիսի 2016 - 17:34 AMT
Haberturk. Թուրքիայի ոսկերիչները ռուսական շուկա մտնելու ուղի են գտել` արտադրանքն արտահանելով ՀՀ

Ստամբուլի Grand Bazaar-ի (Մեծ շուկայի) ոսկերիչները ռուսական շուկա մտնելու ճանապարհ են գտել՝ իրենց գործունեությունն ուղղելով դեպի Հայաստան, հայտնում է Civilnet-ը Haberturk-ի վրա հղումով:

«Չնայած թուրքական ոսկու և ոսկերչական իրերի վրա Ռուսաստանը որևէ հատուկ պատժամիջոց չի սահմանել՝ թուրք ոսկերիչները խնդիրներ են ունենում իրենց արտադրանքը ՌԴ արտահանելու հարցում՝ պայմանավորված բարձր մաքսատուրքերով և այլ խոչընդոտներով»,- գրում է պարբերականը:

Թերթը նշում է, որ Grand Bazaar-ի և Ստամբուլի նոր ոսկերչական շուկայի՝ Kuyumcukent-ի, առաջատար ոսկերիչները իրենց արտադրանքն արտահանում են Հայաստան:

Ըստ թուրքական թերթի՝ Grand Bazaar-ի շատ կրպակներ ունեն ֆինանսական խնդիրներ զբոսաշրջիկների թվի կրճատման պատճառով, և ոսկերչական կրպակների 5-6 տոկոսն արդեն տեղափոխվել է Հայաստան:

«Ոսկերիչները, որոնց մեծ մասը ազգությամբ հայ են, նախընտրում են այս երկիրը՝ պայմանավորված աշխատուժի համեմատաբար ցածր գներով, ոսկու և ոսկերչական արհեստի բարձր որակով, Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների հետ ավելի դյուրին առևտրային կապերով»,- գրում է թերթը՝ ընգծելով Եվրասիական տնտեսական միության առկայությունը, որը նպաստավոր է առևտրի համար:

2016-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի պատժամիջոցները Թուրքիայի դեմ, որոնցով արգելվել է թուրքական մի շարք ապրանքների ներկրումը ՌԴ: Որոշումը հետևանք էր ռուս-թուրքական հարաբերությունների սրման այն բանից հետո, երբ անցյալ տարվա նոյեմբերի վերջին թուրքական ռազմաօդային ուժերը Սիրիայի օդային տարածքում խոցել էին ռուսական Սու-24 ռմբակոծիչ ինքնաթիռը:

Ապրիլին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը լրջորեն քննարկում է թուրքական ապրանքների ներկրումը արգելելու կամ սահմանափակելու հնարավորությունը, և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է ուսումնասիրություններ և հաշվարկներ: