3 մայիսի 2016 - 18:20 AMT
ԱԳ փոխնախարար. Նոր ագրեսիայի դեպքում ԼՂ անկախության ճանաչման հարցը կմտնի օրակարգ

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է «Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին» նախագծին հավանություն տալու վերաբերյալ տարածված լուրերը:

Հարցին, թե արդյոք ճիշտ է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկա նիստում հավանություն տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագծին, նա պատասխանել է.

«Ոչ, դա այդպես չէ: Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ Կառավարության եզրակացությանը: Իսկ համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով:

Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում ՀՀ կառավարության քննարկման է ներկայացվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: