4 մայիսի 2016 - 10:51 AMT
ANCA-ի կոչն ԱՄՆ-ին՝ դատապարտել Փայլանի վրա հարձակումները Թուրքիայի մեջլիսում

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում ԱՄՆ իշխանություններին դատապարտել թուրքական հարձակումները քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանի դեմ:

Իր հայտարարության մեջ Համբարյանը նշել է, որ նմանօրինակ կոչով հանդես էր եկել նաև Ստամբուլում լրագրող Հրանտ Դինքի սպանությունից առաջ, Horizon Weekly-ին հղումով գրում է Galatv.am-ը:

Մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև: Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ։

Ապրիլի 22-ին Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան էր տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավոր, որոնք սպանվել են Ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները:

Մարտի 6-ին Գարո Փայլանի պահանջով Թուրքիայի խորհրդարանն ընդհատել էր աշխատանքը: Ինչպես գրում է թուրքական Milliyet-ը, Փայլանը հայտարարել էր, որ սովորաբար խորհրդարանում ընդմիջում է հայտարարվում ուրբաթօրյա նամազի համար, ուստի նա պահանջել է ընդմիջում հայտարարել նաև եկեղեցու կիրակնօրյա այցելության համար: Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահն ընդունել է հայազգի պատգամավորի պահանջն ու 40 րոպեով ընդհատել է խորհրդարանի աշխատանքը` հնարավորություն տալով նրան եկեղեցի այցելել: Գարո Փայլանն, իր հերթին օգտվել է ընդմիջումից և եկեղեցի է գնացել, որը գտվում է խորհրդարանի հարևանությամբ:

Կարդացեք նաև՝ Փայլան. Հայ լինելու պատճառով Մեջլիսում հարձակման ենթարկվեցի