4 մայիսի 2016 - 13:31 AMT
Ոչ անվտանգ ապրանքները կարգելվեն. Մինասյանը՝ Թուրքիայից և ԵՏՄ-ից ներկրման մասին

Թուրքական ապրանքների հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են, առաջիկայում կհրապարակվեն բոլոր այն ապրանքախմբերը, որոնք ներմուծվում են Հայաստան երրորդ երկրով: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նա նշել է, որ կառաջարկեն հանրային, մասնագիտական քննարկում և առաջին պայմանն է լինելու ընտրել թե՛ ապրանքատեսակները, թե՛ նաև գործիքակազմը, որը թույլ կտա պաշտպանել երկրի տնտեսությունը:

«Երկրորդ պայմանն է՝ թույլ չտալ սոցիալական պայթունավտանգ իրավիճակի առաջացում և երրորդը՝ ապահովել տնտեսության անվտանգ զարգացում»,- ասել է Մինասյանը, մեջբերում է Tert.am-ը:

«Արգելք կարող է կիրառվել այն ապրանքերի նկատմամբ, որոնք անվտանգության խնդիր են հարուցում, դրանք կարող են վերաբերել թե՛ սննդամթերքին, թե՛ այնպիսի ապրանքներին, որոնք կարող են մեր քաղաքացիների կյանքին, առողջության համար վտանգ ներկայացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ կարող է լինել որոշակի սահմանափակումների կիրառում՝ այդ թվում նաև սերտիֆիկացիայի համակարգի գործադրում:

«Դա ԵՏՄ անդամակցության շրջանակում կարևոր պարամետրերից մեկն է, և մենք կարող ենք պահանջել ԵՏՄ այլ երկրներից այնպիսի գործողությունների ձեռնարկում, որոնք բացառեն հայկական շուկա Եվրասիական տնտեսության տարածքից ոչ անվտանգ ապրանքների մուտքը»:

Հարցին, թե արդյոք թուրքական ապրանքների ներկրման հարցում արգելքի անհրաժեշտություն կա, Մինասյանը պատասխանել է, որ որևէ մեկի մտքով այս պահին չի անցնում ապրանքների ներկրումը արգելել, խոսքը գնում է վերոնշյալ երեք հիմնական ուղղությունով տնտեսությունը և սպառողների իրավունքները պաշտպանելու մասին, գրում է Panorama.am-ը:

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում քառորյա ռազմական գործողությունների օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քաջալերել էր Ադրբեջանին՝ խոստանալով աջակցել ղարաբաղյան հարցում:

Ապրիլի 21-ին մի խումբ երիտասարդներ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա արեցին՝ պահանջելով արգելափակել թուրքական ապրանքների մուտքը Հայաստան: Մասնավորապես պահանջել են զարգացնել հայրենական արտադրությունը, իսկ դրա համար փոքր բիզնեսը ժամանակավոր պետք է ազատվի հարկերից: