4 մայիսի 2016 - 13:56 AMT
ՀԷՑ-ն ավելի քան 19 մլրդ դրամի ներդրում կանի 2016-ին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016-ի մայիսի 4-ին կայացած նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016-ի ներդրումային ծրագրին, որը կազմում է մոտ 19 մլրդ 895 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:

2016-ի ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղվելու է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի ավտոմատացմանը և այլ աշխատանքների իրականացմանը, գրում է Aravot.am-ը:

2015-ի սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։ «Տաշիր» ընկերությունների խմբի և «Ինտեր ՌԱՕ» ընկերության պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները:

ՀՀ կառավարությունը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ շարունակում է էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցում տրամադրել բնակիչ-բաժանորդներին և ՓՄՁ-ներին։ Մնակիչ-բաժանորդների և ՓՄՁ-ների օգտագործած էլեկտրաէներգիայի փոխհատուցումը կշարունակվի մինչև 2016-ի հուլիսի 31-ը:

ՀԷՑ-ը 1 տարի կվճարի զոհված զինծառայողների ընտանիքների օգտագործած էլէներգիայի դիմաց