4 մայիսի 2016 - 18:57 AMT
Թեոդոսիայում վերականգնվում է միջնադարյան հայկական եկեղեցին

Ղրիմի Թեոդոսիա քաղաքում ընթանում են միջնադարյան Սուրբ Գևորգ հայկական տաճարի վերականգնման աշխատանքները:

Վերականգնումը կատարվում է տեղի հայկական համայնքի ուժերով: «Ղրիմպրես»-ի հաղորդմամբ, աշխատանքները կընթանան մինչև մայիսի վերջ, այնուհետև կդադարեցվեն մինչև աշուն: Հետագայում պլանավորվում է նաև բարեկարգել եկեղեցու շրջակա տարածքն ու ցանկապատ տեղադրել:

Թեոդոսիայում երկու հայկական միջնադարյան եկեղեցի՝ Սուրբ Գևորգի և Սուրբ Գաբրիելի տաճարները, վերականգնման կարիք ունեն: Քաղաքի հայկական համայնքի ենթակայության տակ է գտնվում 4 տաճար:

Ղրիմում հայերը բնակություն են հաստատել դեռևս 10-րդ դարից սկսած։ Հայերի կողմից ստեղծված գաղթավայրերը շուտով արագորեն բազմանում են, ընդարձակվում և նշանակալի դեր են կատարում Սև ծովի երկրների առևտրական ու տնտեսական հարաբերություններում: Պատահական չէր, որ միջին դարերում Ղրիմն անվանել են «Ծովային Հայաստան»:Արդեն 14-րդ դարում Ղրիմում հայ բնակչությունն իր թվաքանակով երկրորդն էր թաթարներից հետո։ Ղրիմահայ գաղութի կազմակերպումը սատարում է ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանը, որն այդ նպատակով 1787թ. ձեռնարկում է ուղևորություն դեպի Ղրիմ։ Ուղևորությունից հետո Արղությանը ռուսական զանազան ատյաններին է ներկայացնում Ղրիմի մի շարք վայրերը, մասնավորապես Թեոդոսիա և Հին Ղրիմ կիսավեր քաղաքները հայերին տրամադրելու և Թուրքիայից դեպի Ղրիմ հայերի տեղափոխությունները խրախուսելու առաջարկություններն ու ծրագրերը։