Չնայած Սիրիայում տիրող ծանր իրավիճակին, Հալեպի Սահակյան և Զավարյան ազգայինվարժարանների աշակերտները փորձում են իրենց զորակցությունը հայտնել Արցախին:
Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Բերիո Հայոց թեմի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հայտնում է, որ վարժարանների աշակերտներն իրենց առօրյա ծախսը խնայելով՝ «փոքրիկ» խնայողությունները որոշել են հատկացնել արցախյան գոյապայքարի մասնակիցներին, Արցախի իրենց հայրենակիցներին:
«Սա գոյատևելու հաստատակամության լավագույն արտահայտությունն է: Այսօր հալեպահայ մանուկն ու պատանին իր ապրած դժվարությունների, ռմբակոծությունների ու անապահով իրավիճակի ծանրությունը սեփական մաշկի վրա զգալով, ուրիշներից շատ ավելի լավ է հասկանում, թե ինչ է նշանակում պատերազմ, ինչ է նշանակում վտանգված լինել»,- ասել է Ռեիսյանը, գրում է «Հայերն այսօր»-ը:
Հալեպահայ երեխաներն իրենց նվիրատվությունը կատարել են մայիսի 3-ի առավոտյան՝ տարեվերջի քննությունից առաջ, երբ քաղաքը հրթիռակոծվում էր:
Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։
Մոտ 20.000 սիրիահայ ապաստան է գտել Հայաստանում: