5 մայիսի 2016 - 11:35 AMT
6 ականազերծող շուն՝ ՀՀ հարավում աշխատանքների համար

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը մայիսի 5-ին Էջմիածնի Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնում մասնակցել է 6 ականզերծող շների գործողությունների ցուցադրությանը:

Այդ շները Հայաստանին են տրամադրվել ԱՄՆ պետքարտուղարության դրամաշնորհի և ԱՄՆ քաղաքացիների, ինչպես նաև հայկական սփյուռքի մասնավոր նվիրատվությունների հաշվին:

Դրամաշնորհային ծրագրի իրականացումը ԱՄՆ պետքարտուղարության հետ միասին ապահովում են սլովենական International Trust Fund Enhancing Human Security (ITF) հասարակական կազմակերպությունը և Marshall Legacy ինստիտուտը:

Դրամաշնորհի ու մասնավոր նվիրատվությունների միջոցով Բոսնիայի ականազերծող շների կենտրոնից հրավիրվել է փորձագետ-շնավարժ, ով վեց ամիս գտնվելով Հայաստանում, ապահովել է հայկական շնավարժ թիմերի ուսուցումը՝ նախապատրաստելով նրանց ականազերծման 2016թ. աշխատանքներին, գրում է Ա1+-ը:

Շները կցվելու են հայկական ինժեներական գումարտակին՝ աջակցելու Հայաստանի հարավում իրականացվող ականազերծման աշխատանքներին: