5 մայիսի 2016 - 14:48 AMT
Մոսկվայում հուսով են՝ ԼՂ հակամարտության կողմերը խելամիտ կգտնվեն

Մոսկվան հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են խախտել բավականին փխրուն հրադադարը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե քննարկվել է արդյոք Մոսկվայի հետ ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը` Պեսկովն ասել է. «Ոչ, Մոսկվայի հետ դա չի քննարկվել»:

«Մենք շատ ուշադիր հետևում ենք որոշումներին, որոնք ընդունվում են այդ համատեքստում: Եվ, անկասկած, մենք նախկինի պես հուսով ենք, որ հակամարտության կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կարող են խախտել փխրուն հրադադարն ու հանգեցնել լարվածության սրմանը Լեռնային Ղարաբաղում»,-ասել է նա:

ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն սահմանված կարգի համաձայն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նախագծի եզրակացության մեջ ասված է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Ընթերցեք նաև. Արցախը ճանաչելու օրինագիծը Կառավարության դրական եզրակացությունն է ստացել