5 մայիսի 2016 - 15:56 AMT
Պարտադիր կուտակայինի վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2018-ի հուլիս

ՀՀ կառավարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ որով կենսաթոշակային վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարով կհետաձգվի ՝ մինչև 2018-ի հուլիսի 1-ը:

Օրինագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ նախնական գնահատականի` հարկային օրենսդրության էական փոփոխությունները նախատեսվում են ավարտին հասցնել 2017-ի վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ:

Նախնական գնահատականի համաձայն` վերոնշյալ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2018-ի առաջին եռամսյակի ընթացքում, ուստի առաջարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը երկարաձգել:

2014-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։