6 մայիսի 2016 - 10:20 AMT
Թուրքիայում փակում են մի շարք խոշոր ԶԼՄ-ներ

Թուրքիայում որոշում է կայացվել կասեցնել մի քանի խոշոր լրատվամիջոցների գործունեությունը:

Որոշման համաձայն՝ «Ֆեզա» մեդիա հոլդինգին պատկանող «Զաման» թերթը և էլեկտրոնային պարբերականը, «Ջիհան» լրատվական գործակալությունը, «Քյուրե» հեռուստաալիքը և մի քանի այլ լրատվամիջոցներ մայիսի 15-ից կդադարեն գործել:

Այս լրատվամիջոցները մարտ ամսից Ստամբուլի դատարանի որոշմամբ գտնվում էին պետական կառավարիչների վերահսկողության տակ, որոնց կողմից էլ կայացվել է որոշումը, գրում է Ermenihaber.am-ը:

Ավելի վաղ նմանատիպ գործընթացով փակվել էին մեկ այլ խոշոր մեդիա հոլդինգին՝ «Իփեք» խմբին պատկանող լրատվամիջոցները, որոնց թվում էին Bugün թերթը և հեռուստալաիքը, Millet թերթը և Kanaltürk ռադիոն և հեռուստաալիքը:

Ապրիլի 30-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայում մոտ 400 ընդդիմադիր լրագրող է հեռացվել աշխատանքից` հիմնականում Zaman թերթի և Cihan գործակալության աշխատակիցները, այդ թվում արտերկրի թղթակիցները: Լրագրողներից մեկը հայտնել է, որ իրեն և իր գործընկերոջն աշխատանքից ազատել են մի հոդվածի հիման վրա, որով չի նախատեսվում փոխհատուցում և որի հիմնավորումն է`«ծառայողական պարտականությունների չարաշահում, կազմակերպության հեղինակությանը վնասում»: