6 մայիսի 2016 - 10:55 AMT
Պետդեպը՝ Փայլանի վրա հարձակման մասին. Ցանկացած դեպքում քաղգործչի հանդեպ բռնությունը մտահոգում է

ԱՄՆ-ի պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի շրջանակում կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները խոսել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի մասին:

Մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև: Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են ԺԴԿ հայ պատգամավոր Գարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ։

Թոներն ասել է, որ տվյալ հարցում չի տիրապետում մանրամասն տեղեկությունների։

«Սակայն ակնհայտ է, որ ցանկացած դեպք, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, մտահոգության առիթ է մեզ համար: Բայց քանի որ ես այս հարցի շուրջ մանրակրկիտ տեղեկությունների չեմ տիրապետում, կհրաժարվեմ հետագա մեկնաբանություններից»,-շարունակել է Թոները, գրում է Tert.am-ը:

Մայիսի 4-ին Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դատապարտել թուրքական հարձակումները քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանի դեմ:

Կարդացեք նաև՝ Փայլան. Հայ լինելու պատճառով Մեջլիսում հարձակման ենթարկվեցի