6 մայիսի 2016 - 11:35 AMT
Արևմտյան Վիրջինիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը նպաստել են նահանգի մի խումբ հայեր

35 տարի առաջ Թուրքիայից ԱՄՆ գաղթած Արևմտյան Վիրջինիայի բնակիչ Համբարձում Գասպարյանը նահանգում քարոզում էր Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը:

Մայիսի 4-ին հայտնի է դարձել, որ Արևմտյան Վիրջինիան դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը:Նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել էր Ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս:

«Ես արեցի դա հանուն իմ պապի, ում անունը Համբարձում Գասպարյան էր և ում անունը կրում եմ նաև ես»: Համբարձում Գասպարյանը, ում պապին գլխատել էին 1915-ին, իսկ նորածին հորը վերցրել էր թուրք մի ընտանիք, ասում է, որ ինքը պատկանում է մի սերնդի, որը Ցեղասպանության տարիներին սպանված իր պապերին ու տատերին չի տեսել.

«Իմ պապից ինձ մնացել էր միայն մի նկար: Ես այդ նկարը փակցրել էի ննջասենյակումս և ամեն գիշեր քնելուց առաջ նայում էի իմ պապիս աջքերի մեջ»:

Գասպարյանի խոսքով, իրեն մեծացրել էին որպես թուրք մահմեդական՝ Աջար Այարա անունով. «Ծնողներս ինձ շատ բաներ չէին պատմում: Երբ Թուրքիայում էինք ապրում, նրանք վախենում էին և դա հասկանալի է: Եվ ես մեծանում էին որպես մահմեդական, սակայն, երբ որոշեցի ամուսնանալ հայ աղջկա հետ, ի հայտ եկան որոշ փաստեր և կյանքումս շատ բան փոխվեց»:

Գասպարյանը և Արևմտյան Վիրջինիայի մի խումբ հայեր Հայոց ցեղասպանության ընդունման հարցը բարձրացրել են Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հետ սերտ գործակցությամբ: Գրասենյակի Արևելյան շրջանի պատասխանատու Արմեն Սահակյանի խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ոչ թե երկու ժողովուրդների, այլ` համամարդկային խնդիր է, և հայերը պետք է լինեն ցեղասպանությունները կանխող շարժման առաջին շարքերում, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից տուժած, սակայն նաև՝ համաշխարհային հանրությունից ապագայում աջակցություն ստացած ժողովուրդ.

«1915-ից մինչև 1930-ականները Միացյալ Նահանգները հենց այն պետությունն էր, որն իր ամբողջ ներուժը, կարողությունն ու գթասրտությունը ցուցաբերեց Հայոց ցեղասպանությունից փրկված որբերին», - ասում է Սահակյանը, հաղորդում է Ամերիկայի Ձայնը:

20-րդ դարի սկզբին Մերձավոր Արևելքի ամերիկյան հիմնադրամի միջոցով Ցեղասպանությունից տուժած հայերին 115 միլիոն դոլարի օգնություն տրամադրվեց, որը համարժեք է այսօրվա գրեթե երեք միլիարդին: Օգնություն, որի շնորհիվ միլիոնավոր մարդիկ փրկվեցին։