6 մայիսի 2016 - 15:49 AMT
Նահապետյան. Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել Նախիջևանում

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է այն լուրերը, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել:

Նրա վստահեցմամբ՝ իրավիճակը վերահսկելի է. «Եվ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, և զինված ուժերի գլխավոր շտաբը ամբողջապես տիրապետում են իրավիճակին:

Մեր զորախմբերը, զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել: Ուզում եմ վստահեցնել նաև հանրությանը, որ մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է, և բոլոր նոր մարտահրավերներն ու սպառնալիքները մենք վերահսկում ենք», մեջբերում է Ա1+-ը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մայիսի 3-ին տեղեկացրել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում Ադրբեջանի զորքերի նոր կուտակումն ավելի մեծ է, քան ապրիլի առաջին օրերին: Հովհաննիսյանը նշել է, որ նկատվել է ավելի մեծ զորախմբերի տեղաշարժ, սակայն այլ մանրամասներ չի կարող ասել: Նա շեշտել է, որ հակառակորդի տեղաշարժը հայկական հետախուզության ուշադրության կենտրոնում է: