26 փետրվարի 2007 - 14:17 AMT
Լեհաստանը պատրաստ է կիսել Հայաստանի հետ իր փորձը եվրաինտեգրման ոլորտում
Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգայի հետ բանակցություններն անցել են կառուցողական եւ գործնական մթնոլորտում: Այդ մասին Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա հիշեցրել է, որ փետրվարի 26-ին լրանում է ՀՀ եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15 տարին:
«Մենք քննարկել ենք երկկողմ քաղաքական եւ ռազմավարական համագործակցության հարցեր, երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները Եվրոպական հարեւանության քաղաքականության համատեքստում: Բանակցություններում շոշափվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Հայկական կողմը ծանոթացրել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարին բանակցային գործընթացի հետ»,-ասել է Օսկանյանը: Նա նաեւ նկատել է, որ անդրադարձ է եղել էներգետիկայի հարցերին, առանձնակի ուշադրություն է դարձվել Իրաքում հայ խաղաղապահների մասնակցությանը լեհական զորակազմի կազմում:

Իր հերթին Աննա Ֆոտիգան նշել է, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: «Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Երեւանում հենց այն օրը, երբ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել մեր երկրների միջեւ: Մենք արդեն անցել ենք մեր ուղին դեպի Եվրամիություն, մենք փորձ ունենք, որով պատրաստ ենք կիսվել Հայաստանի հետ: Երեւանում հուշագիր է ստորագրվել համագործակցության մասին եւ արդեն կարելի է խոսել կոնկրետ քայլերի մասին: Շփումները պետք է լինեն ոչ միայն բարձր մակարդակով, այլ նաեւ փորձագետների մակարդակով, պետք է լինեն հասարակական, մշակութային եւ տնտեսական շփումներ երկու երկրների միջեւ»,-ընդգծել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը: