7 մայիսի 2016 - 14:31 AMT
Քրդերի դեմ գործողությունների հետևանքով Յուքսեքովայից 4000 մարդ գաղթել է Վան

Թուրքական Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում քրդերի դեմ թուրք ուժայինների գործողությունների հետևանքով 5000 տուն է վնասվել, ավելի քան 100 հազար մարդ՝ գաղթել։

Այս մասին տեղեկացրել է նահանգապետ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մեթին Բեսին:

«Քըշլա, Օրման, Մեզարլիք և Ջուբհուրրիյեթ շրջաններում մեծ ավերածություններ կան։ Ավելի քան 100 հազար մարդ գաղթել է Յուքսեքովայից։ 4000 մարդ գաղթել է Վան, 1800 ընտանիք Հաքքարիի կենտրոն է տեղափոխվել։ Շեմդինլի և Չուքուրջա շրջաններում ու գյուղերից էլ գաղթ կա»,-ասել է նա, «Ակոս»-ին հղումով գրում է Tert.am-ը։

Հաքքարիի Յուքսեքովա շրջանում գործողությունները մեկնարկել էին մարտի 13-ին և ավարտվել ապրիլի 20-ին։ Պարետային ժամը, սակայն, դեռևս չի հանվել։