7 մայիսի 2016 - 15:03 AMT
Փայլանի վրա հարձակման հարցով հնարավոր է նամակով դիմել Պետդեպին ու իրավապաշտպան կառույցներին

Քաղաքացիները, որոնք մտահոգված են թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի անվտանգության հարցով, կարող են ԱՄՆ Հայ դատի գրասենյակի կայքի միջոցով դիմել ԱՄՆ պետքարտուղարությանը, Amnesty International և Human Rights Watch կազմակերպություններին:

Փաստաբանները կարող են դիմել տվյալ կազմակերպությունների ներկայացուցիչներին, գրում է Tert.am-ը։

Մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև: Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ։

Մայիսի 4-ին Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դատապարտել թուրքական հարձակումները պարգամավորի վրա: Մայիսի 6-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի շրջանակում կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ասել է, որ տվյալ հարցում չի տիրապետում մանրամասն տեղեկությունների։

«Սակայն ակնհայտ է, որ ցանկացած դեպք, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, մտահոգության առիթ է մեզ համար: Բայց քանի որ ես այս հարցի շուրջ մանրակրկիտ տեղեկությունների չեմ տիրապետում, կհրաժարվեմ հետագա մեկնաբանություններից»,- շարունակել է Թոները: