7 մայիսի 2016 - 15:53 AMT
Իրաքում ԻՊ զոհերի ավելի քան 50 զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել

Նահանջելով Իրաքի տարբեր շրջաններից` ահաբեկչական «Իսլամական պետությունը» ավելի քան 50 զանգվածային գերեզմանոց է թողել: Այդ մասին մայիսի 6-ին հայտնել է Իրաքի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Յան Կուբիշը Նյու Յորքում Անվտանգության խորհրդի նիստում:

Կուբիշը հայտարարել է նաև «հրեշավոր հանցագործությունների» մասին, որոնք ահաբեկիչները գործել են ԻՊ կողմից վերահսկվող տարածքներում, գրում է Deutsche Welle-ն:

Զանգվածային գերեզմանոցներ են հայտնաբերվել, երբ Իրաքի բանակը սկսել է գրոհել ահաբեկիչներին: Ռամադի քաղաքում 2016-ի ապրիլի կեսին ֆուտբոլի դաշտերից մեկում 3 գերեզմանոց է հայտնաբերվել մոտ 40 մարդու մասունքներով: Քաղաքը ԻՊ տիրապետության տակ է եղել 2015-ի մայիսից-դեկտեմբեր ամիսներին և անցել է կառավարական ուժերի հսկողության տակ 2016-ի փետրվարին:

Կուբիշը նաև զգուշացրել է Իրաքում իրավիճակի հետագա վատթարացման մասին: Բնակչության մոտ մեկ երրորդը` մոտ 10 մլն մարդ, օգնության կարիք ունի: Տարվա ընթացքում այդ քանակը կրկնապատկվել է և կարող է ավելանալ նաև հետագայում, հայտարարել է հատուկ դեսպանորդը: ԻՊ դեմ պայքարող իրաքյան ջոկատների գործողությունների հետևանքով մինչև տարեվերջ ևս 2 մլն մարդ կարող է փախստական դառնալ:

Զանգվածային գերեզմանոցներ են գտնում նաև Սիրիայում: Այդպես, Պալմիրան սիրիական կառավարական բանակի հսկողության տակ վերադարձնելուց հետո, մարտի 27-ին զինվորականները քաղաքի տարածքում հայտնաբերեցին ԻՊ կողմից մահապատժի ենթարկված ու քաղաքացիական անձանց և զինծառայողների զանգվածային գերեզմանոց: Ապրիլի 2-ին 42 դիով գերեզման հայտնաբերվեց: Զոհերից 24-ը քաղաքացիական անձինք էին, այդ թվում 3 երեխա, 18-ը` զինծառայողներ: