7 մայիսի 2016 - 16:51 AMT
Արգենտինահայ բարերարները ՀՀ-ում 8 տարում մոտ $3.5 մլն-ի բարեգործական ծրագրեր են իրականացրել

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին ընդունել է արգենտինահայ մի խումբ բարերարների, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ գործակցությամբ մոտ ութ տարի Հայաստանում բարեգործական ծրագրեր են իրականացնում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ $3.5 մլն:

Նախագահը ողջունել է հյուրերին, բարձր գնահատել նրանց գործունեությունը և շնորհակալություն հայտնել անցած տարիների ընթացքում բարերարների կողմից տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների համար: Սարգսյանը հիշել 2014թ. հուլիսին Արգենտինա կատարած իր պաշտոնական այցը, նշելով, որ այդ ընթացքում առիթ ունեցավ ականատես լինելու, թե Արգենտինայում հայության նկատմամբ որքան մեծ հարգանք կա, և ինչ բարձր համբավ են նրանք վայելում այդ երկրում: Այդ ամենը, ըստ նախագահի, ոգևորության և հպարտության զգացում են առաջացնում, իսկ Բուենոս Այրեսի Արմենիա փողոցը, նրա համոզմամբ, հայության կազմակերպվածության իսկական օրինակ կարող է ծառայել աշխարհի շատ հայ համայնքների համար:

Նախագահը կարևորել է Հայաստանի անկախացումից ի վեր արգենտինահայերի ներդրումը ՀՀ զարգացման ու հզորացման գործում: Նկատի առնելով, որ հանդիպմանը ներկա բարերարները տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայտնի գործարարներ են՝ Սարգսյանը նրանց հետ քննարկել է մեր երկրի տնտեսության համար հեռանկարային ոլորտներում գործարարների կողմից ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը, որը նոր աշխատատեղերի բացման, երկրի տնտեսության մեջ ներդրումների ներգրավման տեսանկյունից մեծապես օգտակար կլինի ինչպես պետությանը, այնպես էլ գործարարներին:

Արգենտինահայ բարերարներն արձանագրել, որ Հայաստան իրենց այցելությունների ընթացքում տարեցտարի դրական փոփոխություններ են նկատում, և իրենք ևս մտորում են բարերարությունից աստիճանաբար անցնելու տարբեր ոլորտներում ներդրումների իրականացմանը:

Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով 5-րդ երկիրն է, և արգենտինյան ներդրումները Հայաստանում հասել են մոտ 400 մլն դոլարի: Այս մասին մարտին հայ արգենտինական գործակցությանը նվիրված խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: