10 մայիսի 2016 - 12:40 AMT
Ուորլիք. Բրյուսելում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպում դեռ չի նախատեսվում

Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպում դեռ չի նախատեսվում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

«Անշուշտ, ես և իմ ֆրանսիացի և ռուս գործընկերները զսպվածության կոչ ենք անում կողմերին: Մենք մշտապես շփման մեջ ենք նախարարների հետ՝ ընդգծելու համար բանակցությունների կարևորությունը համակողմանի խաղաղ համաձայնագրի հասնելու գործում»,-նշել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ մայիսին պլանավորում է հանդիպել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրա խոսքով, հանդիպումը հավանաբար պետք է տեղի ունենար Բրյուսելում։

«Օրն ու ժամը կհստակեցվի ավելի ուշ։ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել բանակցային գործընթացից», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը: