10 մայիսի 2016 - 15:18 AMT
Նալբանդյանը ՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին. Բանակցությունները կարող են վերսկսվել 3 պայմանի հիման վրա

Մայիսի 10-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Նախարար Նալբանդյանը դեսպան Զալբերին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը, դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հիմնահարցը ռազմական լուծում չունի, և Եվրոպական միությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունների շուրջ։ Այս առումով Նալբանդյանը շեշտել է, որ այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը։

Արտգործնախարարի խոսքով, այդ քայլերը համապատասխան պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը շարունակելու համար:

Հայաստանի արտգործնախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, դրանց իրավական հիմքի շուրջ բանակցություններին:

Մայիսի 5-ին Պրահայում Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ միասին, որպեսզի վերականգնենք բանակցային մթնոլորտը: Իսկ ապրիլի 28-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ագ նախարան ասել է, որ ԼՂ հարցով բանակցային գործընթացի հեռանկարները կապված են առաջին հերթին նրա հետ, որ վերացվեն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ, լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները:

«Ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի, կարգի հրավիրի Ադրբեջանին և նրան վերադարձնի կառուցողական դաշտ: Այդ ժամանակ հնարավորություն կլինի նաև բանակցային գործընթացը շարունակել: Իսկ այսօր մեր հանդիպումները և քննարկումները վերաբերում են նրան, թե ինչպես հաղթահարել այն հետևանքները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի այս ագրեսիայի արդյունքում», - ասել է Նալբանդյանը: