10 մայիսի 2016 - 16:15 AMT
Նախարար. Կամավորի կարգավիճակ կսահմանվի, աշխատանքային երաշխիքներ կլինեն

Կառավարությունում մտադիր են սահմանել կամավորի կարգավիճակը և առաջնագիծ մեկնած կամավորի համար աշխատանքային երաշխիքներ սահմանել:

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով զոհված զինծառայողների ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրենսդրական նախաձեռնություննռրը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ աշխատանքները ավարտական փուլում են գտնվում:

Նրա խոսքով, բացի այդ ուղղությամբ օրենսդրական աշխատանքներից, նաև օրենսդրորեն կսահմանվի կամավորի կարգավիճակը, գրում է Panorama.am-ը:

«Կամավորների կարգավիճակի հաստատման առումով օրենսդրական խնդիր ունենք և այդ ուղղությամբ աշխատում ենք: Բացի այդ, հստակեցվում են սոցիալական երաշխիքները», -ասել է նախարարը:

Մյուս խնդիրը, ըստ Ասատրյանի, կամավորների աշխատանքային իրավահարաբերությունների կանոնակարգումն էր:

«Այդ առումով ևս նախատեսվել է օրենսդրական նախաձեռնություն, տվյալ դեպքում աշխատանքային օրենսգրքի հետ կապված, որպեսզի աշխատանքային երևաշխիքներ նախատեսվեն աշխատատեղի առումով», -ներկայացրել է նախարարը:

Ասատրյանի խոսքով, օրենսդրական նախաձեռնությունները ներկայացվել են պետական համապատասխան մարմինների և դրանց քննարկումներից հետո կներկայացվեն կառավարության հաստատման:

Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ: