Նիդերլանդների Լայդենի համալսարանի պրոֆեսոր, հայտնի թուրքագետ Էրիկ Յան Ցուխերը քննադատական հոդված է հրապարակել Թուրքիայի մասին: Դրանում Ցուխերը նշել է, որ վերադարձնում է Թուրքիայի նախկին արտգործնախարար Աբդուլլահ Գյուլից ստացած մեդալը:
Թուրքիայի մասին գիտական աշխատանքներ կատարելու համար նրան 2005թ. շնորհվել էր «պատվո մեդալ»:
Այդ ժամանակվա կատարած ուսումնասիրությունների արդյունքում Ցուխերը եկել էր այն եզրակացության, որ Թուրքիան մոտ է Եվրամիությանը (ԵՄ) անդամագրվելուն:
Սակայն վերոնշյալ հոդվածում, որը հրապարակվել է հոլանդական «NRC» կայքում, Ցուխերը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը` իրենց վարած քաղականության համար, թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Նշելով, որ Թուրքիայի մի շարք ոլորտներում տիրում է ազատության սահմանափակում, շեշտել է, որ այժմյան Թուրքիան արդեն չի կարող Եվրոպայի մաս կազմել: Ըստ նրա՝ Թուրքիայի քաղաքականությունը, դատաիրավական համակարգը, մեդիան, համալսարանները, քաղաքացիները դարձել են Էրդողանի ձեռքի խաղալիքը:
Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը Ցուխերն որակել է որպես «բռնապետություն»: