27 փետրվարի 2007 - 13:41 AMT
Բաքուն մեղադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հարցի հանդեպ սխալ մոտեցման համար
Պաշտոնական Բաքուն գտնում է, որ հաճախակի դարձած հակասությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգման արդյունք են: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր ապարատի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, դա «սխալ մոտեցում է»: «Աշխարհում կան նման տիպի հակամարտությունների լուծման նախադեպեր: Օրինակ, այն հայեցակարգը, որ առաջարկվեց Կոսովոյի իրավիճակի կապակցությամբ: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության դեպքում եւս մշակվեց «ճանապարհային քարտեզ» ծրագիրը: Մի քանի տարի առաջ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանն առաջարկեց իր պլանը Կիպրոսի հանդեպ: Մեր դեպքում, Մինսկի խմբի համանախագահները, որպես ԵԱՀԿ անդամներ եւ փորձագետներ կարող են իրենց առաջարկները ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, անշուշտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Սակայն դրա փոխարեն նրանք տարբեր հայտարարություններ են անում, որոնք մեծամասամբ հանգեցնում են բանակցային գործընթացի ձգձգմանը»,-ընդգծել է Մամեդովը:

Նրա կարծիքով, «համանախագահները չեն կարողանում անհրաժեշտ եւ կոնկրետ դիրքորոշում ցուցադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Անդրադառնալով «Ադրբեջանի եւ Հայաստանի ուսերին հակամարտության կարգավորման պատասխանատվությունը բարդելու համանախագահների փորձերին»`, Ն.Մամեդովն ասել է, որ «դա արմատապես սխալ մոտեցում է»: «Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում, միջազգային գործընթացներում ամրանում են, ուստի ժամանակն է լուծել այդ հակամարտությունը»,-գտնում է նա, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: