11 մայիսի 2016 - 12:22 AMT
«Հրազդան ցեմենտ»-ը հարկային արտոնություն կստանա. Օրինագիծն ԱԺ-ում ընդունվեց

«Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը չորս անգամ քննարկվել է խորհրդարանում, մայիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստում վերջապես ընդունվել է` ձայների 86 կողմ, 8 դեմ, 9-ը ձեռնպահ հարաբերակցությամբ:

Դեմ են քվեարկել ՀԱԿ խմբակցության՝ դահլիճում ներկա պատգամավորները, ձեռնպահ էին «Ժառանգություն»-ից ներկաները` Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը, գրում է Panorama.am-ը:

Հանրապետական խմբակցության ներկա պատգամավորներն ամբողջ կազմով կողմ են քվեարկել:

Ապրիլին օրինագիծը Ազգային ժողովում երրորդ ընթերցմամբ չէր անցել, քանի որ քվորում չի ապահովվել: Հանրապետական խմբակցության մեծ մասը բացակայել էին նիստից, ընդդիմությունն էլ չէր մասնակցել քվեարկությանը:

«Հրազդան ցեմենտ» ընկերությանը արտոնություն տալու նախագիծն ապրիլի 25-ին ԱԺ-ում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ըստ նախագծի, ընկերությունը կազատվի 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից՝ 510 մլն 125 հազար դրամի ընդհանուր գումարի չափով: «Հրազդան ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացել էր, փակվել էին նաև Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները: