11 մայիսի 2016 - 12:45 AMT
Պարտադիր կուտակայինին անցումը ևս 1 տարով կհետաձգվի. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ հավանություն է տվել

Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն, որոնք ենթադրում են մեկ տարով երկարաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցումը, հայտնում է «Sputnik Արմենիան»:

«Կողմ» է քվեարկել 104 պատգամավոր, ևս 4-ը ձեռնպահ է մնացել։

Փոփոխությունների համաձայն` մասնավոր հատվածի աշխատողների համար պարտադիր վճարումներն ուժի մեջ մտնելու ժամկետը 2017-ի հուլիսի 1-ից կտեղափոխվի 2018-ի հուլիսի 1-ը: Պետական հատվածում աշխատող քաղաքացիների համար այդ վճարումները պարտադիր են 2014-ի հուլիսի 1-ից։

Ավելի վաղ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ներկայացնելով փոփոխությունների նախագիծը, նման հետաձգումն անհրաժեշտ է համարել հարկային էլեկտրոնային-տեղեկատվական համակարգի և Հարկային օրենսգրքի պարտադիր սոցիալական վճարումների ներդաշնակեցման համար։

Պարտադիր կուտակային թոշակային համակարգը պետք է ուժի մեջ մտներ 2014 թվականի հունվարի 1-ից բոլոր քաղաքացիների համար, ովքեր ծնվել է 1974 թվականի հունվարի 1-ից հետո։ Համակարգի մասնակիցները պարտադիր կերպով պետք է հատուկ ստեղծված հիմնադրամ փոխանցեին աշխատավարձի 5 տոկոսը, նույնքան էլ պետք է ավելացներ պետությունը։

Սակայն թոշակային բարեփոխումները դժգոհություն առաջացրին և զանգվածային ցույցերի պատճառ դարձան։ Ի վերջո, Սահմանադրական դատարանը որոշեց անվավեր ճանաչել օրենքի մի շարք դրույթները, իսկ խորհրդարանը փոփոխություններ կատարեց օրինագծում, որոնց համաձայն` 2014 թվականի հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր դարձավ միայն պետական կազմակերպությունների աշխատակիցների համար։ Այն տարածվում է նաև մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա, ովքեր չեն հասցրել պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու դիմում ներկայացնել։