27 փետրվարի 2007 - 14:06 AMT
Էնթոնի Գոդֆրի. Արդար ընտրությունների անցկացումը Հայաստանի միջազգային պարտավորությունն է
Երեւանում մեկնարկեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կազմակերպած եռօրյա սեմինարը «Ընտրակեղծիքները եւ դրանց հետ կապված կոռուպցիոն դրսեւորումները. քրեական դատավարության խնդիրները եւ միջազգային չափորոշիչները» թեմայով: Դասընթացն անդրադառնում է ընտրակեղծիքների ու հարակից կոռուպցիոն դրս-որումների կանխարգելման, հայտնաբերման, հետաքննման ու դատական կարգով հետապնդման հարցերին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ամերիկյան դեսպանատան մամլո ծառայությունում, սեմինարների այս շարքին մասնակցում են ՀՀ ոստիկանության, գլխավոր դատախազության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրատարածքային հանձնաժողովների, մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի, առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների ներկայացուցիչներ:

Դասընթացի բացման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատար Էնթոնի Ֆ. Գոդֆրին նշեց, որ ազատ ու արդարացի ընտրությունները սոսկ Հայաստանի կառավարության կողմից ստանձնած քաղաքական հանձնառություն չեն, այլ նա- միջազգային իրավական պարտավորություն Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի ու Ստրասբուրգի Եվրոպական դատարանի նախադեպերի իրավունքի ներքո: Նա նաեւ շեշտեց, որ ընտրակեղծիքները խաթարում են երկրի սոցիալ-քաղաքական հիմքերը:
Սեմինարի աշխատանքներին մասնակցում են փորձագետներ Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից եւ ԱՄՆ-ից: Եռօրյա սեմինարից հետո դեսպանատունը մտադիր է հետագա ուսուցման համար ԱՄՆ գործուղել 6 դատավորների եւ ԿԸՀ երկու անդամների: