11 մայիսի 2016 - 18:49 AMT
Բակո Սահակյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են. Քննարկել են Բաքվի ագրեսիայի հետևանքները

Մայիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Սահակյանն ընդգծել է, որ մեր հաղթանակների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը՝ կարևորելով քաղաքական ուժերի կողմից ցուցաբերած միասնականությունը և գործուն քայլերը Արցախին սատարելու ուղղությամբ:

Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Ստեփանակերտում: Քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ է հանդիպել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը:

Ապրիլի 9-ին մոտ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: