Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) 2015-ի նոյեմբերից նախաձեռնել է նոր ծրագիր՝ աջակցելու համար Սիրիայից ժամանած փախստականների տնտեսական ինտեգրմանը Հայաստանում։
Ծրագրի շրջանակում 2016-ի մայիսի 19-ից 22-ը ընկերությունը հրավիրում է մասնակցել «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես ֆորումին, որի նպատակն է սիրիահայերի գործարար ակտիվության խթանումը, սպառողներին մեր հայրենակիցների արտադրանքների և ծառայությունների հետ ծանոթացնելը, սիրիահայերի կողմից հիմնված ձեռնարկությունների ինտեգրումը Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ջանքերի միավորումը և աջակցության միասնական քաղաքականության մշակումը։
«Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես ֆորումը սիրիահայ գործարարներին, աշխատանք փնտրողներին, գործատուներին, ինչպես նաև պետական, միջազգային և տեղական աջակից կազմակերպություններին առաջարկում է մասնակցել դրա ընթացքում անցկացվող ցուցահանդեսին, դասընթացներին և կոնֆերանսին, տեղեկացնում է Syrarbi.am-ը։
Ֆորումի 4 օրերի ընթացքում կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ սիրիահայերի հիմնած ավելի քան 50 ձեռնարկություն կներկայացնի իր արտադրանքն ու ծառայությունները, իսկ պետական և միջազգային կազմակերպությունները՝ իրենց աջակցության ծրագրերը։ Այցելելով ցուցահանդես՝ կարելի է տեսնել և գնել սիրիահայ ձեռնարկությունների մրցունակ արտադրանքը, ծառայությունները, համտեսել արևելյան խոհանոցի բարիքները։
Ցուցահանդեսի ընթացքում կկնքվեն առևտրային համաձայնագրեր, մատակարարման և համագործակցության պայմանագրեր, իսկ միջազգային և տեղական աջակից կազմակերպությունները կառաջարկեն իրենց ծառայությունները և միաժամանակ կընտրեն իրենց ապագա ծրագրերի շահառուներին։
Ֆորումի յուրաքանչյուր օր սիրիահայերին կառաջարկվի երեքից չորս դասընթաց՝ հայկական շուկաներում արտադրանքի իրացման և ռեսուրսների ձեռքբերման, հարկային և մաքսային կարգավորումների, աջակից կազմակերպությունների գործունեության շուրջ:
Դասընթացների առանձին խումբ նվիրված է սկսնակ գործարարների խնդիրներին, նրանց առավելագույնը հուզող հարցերին։
Դասընթացները կօգնեն նաև հայկական աշխատանքային շուկան հասկանալու և աշխատանք գտնելու հարցերում: Առանձին կներկայացվի Հայաստանի աշխատաշուկայի պահանջարկը և այլն ոլորտները, որտեղ ձեռնարկությունները մրցունակ և որակավորված մասնագետների կարիք ունեն։
Դասընթացները կանցկացվեն EV consulting-ի, Co. Unitrans-ի, Co. Dialog-ի, SBFIC-ի, Smart City-ի, Co Art Lar-ի, ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի, Ալվարիումի, ՀՀ Զբաղվածության պետական գործակալության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից։
Կոնֆերանսի ժամանակ կքննարկվեն Հայաստանում հիմնված ձեռնարկություններին և սկսնակ գործարարներին աջակցելու ծրագրերը, սիրիահայերի համար աշխատանք գտնելու և կրթություն ստանալու հնարավորությունները։ Խորհրդաժողովը կընթանա ֆորումի բոլոր չորս օրերի ընթացքում։
Ֆորումի յուրաքանչյուր օր լիագումար նիստերից հետո երկու քննարկում կկազմակերպվի, որտեղ պետական և աջակից կազմակերպությունների ներկայացուցիչները կհանդիպեն շահառուների հետ և կքննարկեն ներկայացված թեմաները։
Առաջին օրը այն նվիրված կլինի գործող ձեռնարկությունների մրցունակության բարձրացման հիմնահարցերին, երկրորդ օրը՝ սկսնակ ձեռնարկությունների հիմնման և աջակցության գործիքներին, երրորդ օրը՝ Հայաստանում կրթության և աշխատանք գտնելու քաղաքականությանը։ Ֆորումի չորրորդ օրվա ընթացքում կանցկացվի մասնակցային խորհրդաժողով, որի արդյունքները կօգնեն տեղական և միջազգային կազմակերպություններին՝ ավելի արդյունավետ որոշումներ կայացնել սիրիահայերի ձեռնարկությունների աջակցության ժամանակ։
Խորհրդաժողովներին և քննարկումներին կմասնակցեն նախօրոք հրավիրված ներկայացուցիչներ նախարարություններից, միջազգային և տեղական կազմակերպություններից, ինչպես նաև սիրիահայերի գործող և սկսնակ ձեռնարկություններից։
Սիրիայում ներքին հակամարտության հետևանքով այնտեղից գաղթել և Հայաստանում ապաստան է գտել մոտ 20.000 սիրիացի: