12 մայիսի 2016 - 12:33 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն Սարգսյան-Ալիև հանդիպում է առաջարկում. Կնպաստեն Վիեննայում դրա կայացմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեր Անդրիոն հայտարարություն են տարածել, որով նշում են, որ շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն:

Նրանք ընդգծում են, որ հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտության միջնորդական ջանքերին:

«Մեր երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը լինելու է զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ», -ասված է համանախագահների հայտարարության մեջ, գրում է Panorama.am-ը:

Նշվում է, որ բանակցություններում ոչ մի հաջողություն չի կարող լինել շարունակվող բռնությունների պարագայում և ավելին, չի կարող լինել խաղաղություն, առանց բանակցությունների:

2015-ի դեկտեմբերի 19-ին շվեյցարական Բեռնում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված՝ այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում՝ պայմանավորված ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ:

Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն: