27 փետրվարի 2007 - 18:47 AMT
Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի Մոլդովայում կայանալիք «Medceur-2007» զորավարժություններին
Բազմազգ ռազմաբժշկական «Medceur-2007» զորավարժությունները կկայանան Մոլդովայում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը «Բուլբոակա» ռազմական հրաձգարանում: Ինչպես այսօր հաղորդեց Մոլդովայի Ազգային բանակի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Իոն Սավչուկը, զորավարժություններին կմասնակցեն Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչները, ՆԱՏՕ-ի եւ «գործընկերության» ծրագրի մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումները: Դրանց թվում են զինվորականներ Ալբանիայից, Հայաստանից, Բուլղարիայից, Հոլանդիայից, Վրաստանից, Ղազախստանից, Մակեդոնիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից:

Զորավարժություններում կմշակվեն «արագ արձագանքման շարժական բժշկական թիմերի հմտությունները տարերային աղետների հետեւանքների վերացման գործողություններում»,-նշել է Սավչուկը: Մոլդովան արդեն երկրորդ անգամ է անցկացնում բազմազգ զորավարժություններ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում: Առաջին զորավարժությունները` «Cooperative Lancer-Longbow» անցել են 2006 թվականի սեպտեմբերին 21 երկրներից շուրջ հազար զինծառայողների մասնակցությամբ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: